Ավարտվեց <<Դպրոցի ձայն>> երաժշտական հեռուսափառատոնը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի երաժշտական եւ արվեստի 12 դպրոց: Հեռուստանախագծի հեղինակը <<Քյավառ>> հեռուստաընկերությունն էր, ծրագիրն իրականացվում էր Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական աջակցությամբ:
Հեռուստանախագածի հեղինակ Գրիգոր Դաշտոյանից տեղեկացանք, որ <<Դպրոցի ձայնը>> մեկնարկել էր դեռ մայիսի 4-ին: Հաջորդաբար 7 թողարկումներով հանդես եկան մասնակիցները` ներկայանալով անհատական կամ թիմային կատարումներով: Ամեն թողարկման համար նախատեսված էր թեմատիկա` դասական, ժողովրդական, տարածաշրջանային, ջազային:
Գալա համերգին ամփոփվեցին անցած փուլերը, որին հաջորդեց մրցանակաբաշխությունը:
<<Տարածաշրջանին հատուկ երգ եւ երաժշտություն>> լավագույն կատարումներ ներկայացնելու համար մրցանակի արժանացան Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական, Սարուխանի ու Գավառի արվեստի դպրոցները: Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցին մրցանակ հանձնվեց Ժողգործիքների համույթում առավել թվով ազգային տարբեր նվագարանների ներկայացվածությունն ապահովելու եւ լավագույն կատարման, Գանձակի երաժշտական դպրոցին՝ ակտիվ մասնակցության, Մարտունու երաժշտական դպրոցին՝ լավագույն ջութակահարներ ներկայացնելու, Վարդենիսի թիվ 2 մանկական, Ճամբարակի, Վարդենիկի երաժշտական դպրոցներին՝<<Էստրադային ստեղծագործություններ>>, Կարմիրգյուղի արվեստի դպրոցին՝ <<Ջազային ստեղծագործություններ>> անվանակարգերում լավագույն կատարումներ ներկայացնելու, Նորատուսի արվեստի դպրոցին՝ ժողգործիքների եւ դհոլահարների համույթների կողմից բարձրորակ կատարումներ ներկայացնելու համար: Իսկ Դաշնամուրային եւ երգչախմբային լավագույն կատարումներ ներկայացնելու, ինչպես նաեւ յոթ համերգային ծրագրերում ամենաբարձր միավորներ վաստակելու համար հատուկ մրցանակով պարգեւատրվեց Սեւանի երաժշտական դպրոցը:
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը զրույց ունեցավ մարզի 12 երաժշտական ու արվեստի դպրոցների ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին հաստատություններում առկա շենքային, ֆինանսական ու կադրային խնդիրները: Հնչեցին երկկողմ առաջարկություններ <<Դպրոցի ձայնի>> երկրորդ եթերաշրջանի ձեւաչափի ու մրցակցային փուլերի վերաբերյալ:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.