Tuesday, May 24, 2011

ՀՖՖ նախագահը հանուն ֆուտբոլի՝ ջիճեց

Կապանի «Գանձասարը» կշարունակի մասնակցել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը։ Նման որոշում կայացվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ակումբի ղեկավարության, երկրպագուների հետ  Կապանում կայացած հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն «Փյունիկ»-ի հետ խաղից հետո որոշել էր, որ   «Գանձասար»-ը 5 հանդիպում պետք է անցկացներ առանց հանդիսականների։ Սրան հետևել էր «Գանձասար»  Ֆ/Ա-ի նախագահ, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հայտարարությունը,  որ թիմը դուրս  է գալու առաջնությունից, եթե ՀՖՖ-ն չվերանայի որոշումը։ 

Նշենք, որ խաղադաշտ էր նետվել մի պոլիէթելանյին շիշ ու երկրպագուները դժգոհ լինելով մրցավարներից՝ հայոհոյել էին նրանց։ Ռուբեն Հայրապետյանի խոսքով, չի կարելի հայհոյել խաղադաշտում, հետո տեսագրությունները նայում են։ 

«Ես ուզում եմ բոլոր խաղերը եթեր տալ։ Բա որ Կապանում լինի, ոնց ենք անելու, մրցավար եմ նշանակում Կապան, չեն գալիս»,-ասաց ՀՖՖ-ի նախագահը։  «Սխալ դատող մրցավարները պատժվում են դրա համար կարգ կա։ Ես թույլ չեմ տա որևէ մեկին «սամասուդ» անել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը շանտաժներից չի վախենում։ 

Կապանցի երկրպագուները առաջարկեցին կին մրցավարներ ուղարկել Կապան, իսկ քաղաքապետ Արտուր Աթայանը ՀՖՖ-ի այդ քայլը «դաժան որոշում» համարեց։ Երկրպագուներից մեկը առաջարկեց ստադիոն գնալ կանանց հետ, որպեսզի նման բան չկրկնվի։ Լսելով երկրպագուներին՝ ՀՖՖ-ի նախագահը զիջեց. «Ճիշտն ասաց ճանապարհին գալիս՝  մտածում էի, ու արդեն վճռել էի, որ մեկ խաղ զրկեմ հանդիսականներից, սակայն հիմա հայտարարում եմ՝ փոխում եմ նախկին որոշումս և «Գանձասար»-ին պայմանական պատիժ եմ տալիս։ Այսինքն անկարգությունը կրկնվելու դեպքում 5 խաղ թիմը կանցկացնի առանց երկրպագուների»,-ասաց Ռ. Հայրապետյանը։ 

«Գանձասարի» երկրպագուները ծափահարություններով ընդունեցին նման որոշումը։   

«Գանձասար» Ֆ/Ա նախագահ  Մաքսիմ Հակոբյանը հանդիպման արդյունքները բավականին գոհացուցիչ է համարում։ Վերջինս  չի կարծում, որ նրա՝ առաջնությունից թիմի դուրս գալու հայտարարությունն է նպաստել, որ ՀՖՖ-ի նախագահը վերանայի որոշումը։ Ըստ զրուցակցիս, այդ հայտարարությունը առաջին հերթին  նախազգուշացում էր երկրպագուներին։ Կապանը ֆուտբոլային գեղեցիկ ավանդույթներ ունեցող քաղաք է, ու չպետք է կորցնի իր մարզական դեմքը, համոզված է Մաքսիմ Հակոբյանը։ «Գանձասար» Ֆ/Ա-ի նախագահի խոսքով, Կապանում, Քաջարանում աշխատանքներ են իրականացվում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար, ու մոտ ապագայում «Գանձասար»-ի հիմնական կազմը կհամալրվի տեղացիներով, ինչու չէ վերջիներս կընդգրկվեն այլ թիմերում : 

Արմեն Դավթյան, Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.