22 ամիս չոր տախտակները` որպես անկողին, աղոթքները` չմարող հույս: Հեռու մշուշներում` 5 ամսական որդին, հարևանությամբ` մկները, մետաղի չմարող ձայնն ու ստորացումները:
Հաղարծին գյուղի բնակիչ 32-ամյա Արթուր Բադալյանի ուղեղում շատ պատկերներ դաջվեցին որպես մղձավանջ գրեթե երկու տարի անցկացրած ադրբեջանական գերության օրերից` կյանքը բաժանելով մինչև գերությունը և գերությունից առաջ:
Թեև մարտի 17-ին գերիների փոխանակության շնորհիվ վերադարձավ տուն, սակայն մղձավանջները, անքնությունը, գլխում հնչող ձայները և անընդհատ թվացյալ հետապնդումը չեն լքում նրան:2009 թ. մայիսի 9-ին Արթուրն ընկերներով գնացել էր սունկ հավաքելու և, Բերդի շրջանում առանձնանալով ընկերներից, մոլորվել՝ թշնամու ձեռքն ընկնելով: «Մեկն ինձնից հայերենով սիգարետ ուզեց, տվեցի: Էլ ոչ մի բառ չասաց:
Միայն ռուսերեն ասաց՝ մի´ վախեցիր: Հետո եկան մի քանի հոգի ու ինձ տարան,-հիշում է նա: - Ավելի վատ բաներ անցան մտքովս: Մտածեցի, որ էլ չեմ վերադառնա, գնում եմ բայրամի ու ինձ տանում են մորթելու»:
Ադրբեջանցիներն Արթուրին նախ տարել են սահմանակից գյուղի զորամաս, ապա` Ղազախ, Բաքու, հետո` նորից Ղազախ: Ադրբեջանական գերությունից Արթուրի միակ լավ հիշողությունը Բաքվի անլույս ու խոնավ խցում իր հետ ապրող մուկն է՝ իր ձագերով:
Արթուրի աչքի առջև են ծնվել ու մեծացել: Ասում է, որ նրանց հետ է կիսել իր մղձավանջի օրերը:Պատմում է, որ գերության հենց երկրորդ օրը անհայտ գյուղի զորամասում երկու հոգի իրեն պառկեցրել են որովայնի վրա ու, անընդհատ խփելով, վնասել ոտքերը: Դրանից հետո 2 ամիս տեղափոխել են ադրբեջանական Ղազախ քաղաքի զորամասերից մեկը, որտեղ էլ ձեռքերից հոսանք են միացրել:
«Ղազախում ձեռքերս 1 օր կապկպած, պառկած թողեցին, բաց չէին թողնում, որ գոնե ոտքերս տրորեմ, ցավը մեղմանա: Հաջորդ օրն էլի սկսեցին խփել, ձեռքերիցս հոսանք միացրին, ողջ մարմնովս զգացի դա»,- դժվարությամբ, բայց մանրամասն պատմում է նա: Նա պատմում է, որ ֆիզիկական կտտանքներից զատ իրեն նաև հոգեբանական խոշտանգումների են ենթարկել` փորձելով ինքնասպանության հասցնել: Ղազախից հետո Արթուրը 1 տարի 3 ամիս ապրել է Բաքվի զորամասերից մեկում:
«Բաքվում ահավոր վիճակ էր: Ոնց որ խոզ պահեին: Կամերան պատուհան չուներ, լույս չէր ընկնում, ամեն օր երկաթի կտորով խփում էին դռանը, ոչ մի վայրկյան հանգիստ չեմ ունեցել»: 2 տարվա ընթացքում գերուն չեն թույլատրել զբոսնել, շատ հաճախ Արթուրը բնական կարիքները հոգացել է հենց այն խցում, որտեղ ապրել է:
Գերու անձնական հիգիենան ապահովել են 2-3 ամիսը մեկ՝ դրսում՝ հիշում է` ցուրտ եղանակին սառը ջրի շիթը պահելով նրա մարմնին: Շատ դեպքերում քաղցած է օրն անցկացրել:
«Ահավոր վիճակ էր: Շորերս լվանում էի այն ժամանակ, երբ կամերան քլորով «մաքրում» էին: Ստիպված աչքերս լաթով կապում էի, որ չկուրանամ: Սաղ գիշեր մերկ վիճակում հագուստս թափահարում էի կամ պառկում վրան՝ մարմնիս ջերմությամբ չորացնելու համար: Սնունդ չկար:
Փչացած հացի երեսով եմ սնվել»,- ասում է սահմանակից գյուղի բնակիչը: Ասում է, որ շատ է հիվանդացել ու մի կերպ ոտքի կանգնել` առանց դեղերի ու խնամքի. այդ մասին երազելը միամտություն կլիներ:
2010 թ. նոյեմբերին Արթուր Բադալյանին ադրբեջանցիները կրկին տեղափոխել են Ղազախ քաղաքի նույն զորամասը:
Ասում է, որ այստեղ իրեն ինչ-որ դեղեր են տվել սննդի հետ. դրանք ընդունելուց հետո իրեն վատ է զգացել, թույլ, գրեթե անգիտակից վիճակում եղել:
«Գոտի էին դրել, որ ինձ վնասեմ: Կախվելու համար հարմար տեղ կար»,-նկատում է ադրբեջանական գերությունը վերապրած հայը:
Ղազախում երկրորդ անգամ եղած ժամանակ էլ տեղեկացել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներ պետք է այցելեն իրեն. մինչ այդ ոչ ոք երբևէ նրան չէր այցելել:
«Կարմիր խաչին ասացի, որ իբր ես եմ գնացել Ղազախ, ադրբեջանական կողմին խնդրել, որ ինձ ուղարկեն երրորդ երկիր»:
Զգուշացրել էին՝ եթե այդպես չասեմ, նորից Բաքու կուղարկեն:
«Ստիպված տենց ասեցի, չէի ուզում նորից Բաքուն վերապրել, սարսափում էի»,- բացատրում է Արթուր Բադալյանը:
Արթուրը վստահ է՝ իր նկատմամբ ճնշումները մեկ նպատակ են հետապնդել. «Էդ ամենն արել են, որ խելագարվեմ, չկարողանամ ոչ մի բան պատմել, հիշողությունս թուլանա, ասեին` շաշվել ա»:
Այժմ նա հարազատների օգնությամբ փորձում է վերականգնվել, տղան արդեն 2,5 տարեկան է:
Իսկ Վանաձորի «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակն Արթուր Բադալյանին գերության մեջ պահելու եւ խոշտանգումների ենթարկելու համար որոշել է դատի տալ Ադրբեջանին: Սա իր ձեւով առաջին նման հայտն է: Նախատեսվում է մեկ ամսյա ժամկետում բողոքն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Շատ բան է փոխվել, ձգտումներս ավելացել են: Ցանկանում եմ աշխատել, որ ընտանիքս դուրս բերեմ ծանր վիճակից, որ ամեն ինչ վերականգնվի»,- երազում է Արթուրը:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.