Saturday, May 7, 2011

Կապանին խոստացան մաքուր ջուր

Հորդառատ անձրեւներից հետո Կապանում այլեւս խմելու ջուրը պղտոր չի լինի: Սա դեռեւս խոստում է, որ “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը տվել է մարզկենտրոնի բնակիչներին` Կապան կատարած այցի ժամանակ:

Իսկ նրա այցը մարզկենտրոն առաջին անգամը չէր, բայց շատ սպասված էր: “Արդեն 4-րդ անգամն է հանդիպում ենք, դուք խոսում եք ներդրվելիք միլիոնների մասին, սակայն Կապանի ջրամատակարարման ներքին ցանցում վթարները օրեցօր շատանում են ու մեծանում այն վնասները, որ առաջանում են վթարների հետեւանքով: Անցած տարի Հալիձոր թաղամասում գրանցված բարձր ճնշման խողովակի պայթյունից հրաշքով են փրկվել մոտակա մանկապարտեզի 20 երեխաները: Մինաս Պապյան փողոցն արդեն երկու տարի է քանդել եք, փակել ճանապարհը մեքենաների համար ու թողնելով այդպես քանդված` դադարեցրել աշխատանքները: Անցած օրը Հալիձոր թաղամասի կամրջի վրայով անցնող ջրատարում արձանագրված վթարի պատճառով տեղահան է եղել 60-70 քառ.մ ասֆալտ: Եթե պետք է, էլի կարող եմ թվարկել”, - ասաց քաղաքապետ Արթուր Աթայանը` Պ.Լորենի հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետին հուզում էր նաեւ այն հարցը, թե ինչու քաղաքի մի շենքում տեղի ունեցած վթարի պատճառով ժամերով պետք է դադարեցվի մի ողջ թաղամասի ջրամատակարարում` վթարը վերացնելու համար: “Մենք պատրաստ ենք աջակցել: Ընդամենը 70-80 փականի տեղադրման խնդիր է: Համատեղ անենք այդ աշխատանքները, գոնե այս խնդիրը լուծվի”,- պատրաստակամություն է հայտնել քաղաքապետը:

Հանդիպման ժամանակ Պատրիկ Լորենը խոստովանել է, որ տեղյակ է բոլոր խնդիրների մասին եւ հույս հայտնել, որ նախատեսված ծրագրերի իրականացումից հետո, եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն կբարելավվի ջրամատակարարումը Կապան քաղաքում:

Խոսքը ընկերության մշակած երկու ծրագրերի մասին է, որոնք կֆինանսավորվեն Ասիական (1,5 մլն դոլար) եւ Եվրոպական (2,7 մլն դոլար) զարգացման բանկերի կողմից: Առաջին ծրագրով նախատեսվում է Կապանի անհատական տներ ունեցող թաղամասերում, որտեղ կորուստները գերազանցում են մատակարարվող ջրի ավելի քան 80 տոկոսը, ջրատարի ներքին ցանցի 25 կմ երկարության հին խողովակները փոխարինել նորերով: Երկրորդ ծրագրով եւս նմանատիպ աշխատանքներ կկատարվեն ջրատարի այլ հատվածներում: Իսկ խմելու ջրի մաքրման կայանի համար արդեն իսկ ձեռք են բերվել նոր, ժամանակակից սարքավորումներ, որոնց տեղադրումից հետո էականորեն կլավանա ջրի որակը:

“Մոտ ժամանակներս սպասվում է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների այցը Հայաստան: Նրանք կառավարության հետ կքննարկեն 50 մլն դոլար վարկի տրամադրման հարցը: Նախատեսում ենք այդ գումարից եւս որոշակի մաս տրամադրել Կապանին”, - քաղաքապետի հետ հանդիպմանն ասաց ընկերության գլխավոր տնօրենը:

Իսկ առաջիկա 5 տարիներին Կապանի կոյուղու եւ ջրահեռացման ցանցերում աշխատանքներ չեն նախատեսվում: Դրանք կարվեն միայն հավելյալ գումարների առկայության դեպքում:

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ
Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.