Monday, May 23, 2011

ԻՆՏԵՐՆԵՏԸ, ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆ ՈՒ ՀՐԱՉԻԿ ՊԱՊԸ…

Եկող ամռանը` օգոստոսին, կապանցի Հրաչիկ պապը կդառնա 76 տարեկան: Առույգ ու կենսախինդ պապն իր կյանքում աշխատել է սիրած մասնագիտությամբ` վարորդ է եղել: Աշխատանքին զուգահեռ հող է մշակել, այգի տնկել, ինչպես նաեւ շատ է սիրել շախմատ խաղալ ու թերթ կարդալ: Կյանքի մեծ մասը գյուղում ապրած պապը, երբ թոռներից առաջին անգամ լսեց ինտերնետի մասին, նախ ծիծաղեց, հետո ասաց, որ ինքը նման հեքիաթների չի հավատում:

Ճիշտ նույն կերպ է արձագանքել Հրաչիկ պապի հայրը` Հակոբը, երբ 1961-ին իմացել է Յուրի Գագարինի տիեզերք թռչելու մասին: Հանքափոր Հակոբ պապն այդպես էլ չի հավատացել, որ մարդը կարողացել է հասնել տիեզերք, սակայն Հրաչիկ պապը ոչ միայն հավատաց ինտերնետին, այլեւ այսօր առանց դրա չի պատկերացնում իր կյանքը:

Ամիսներ առաջ էր, երբ դուստրը համակարգիչ գնեց եւ առաջին անգամ skype-ով պապը խոսեց մայրաքաղաքում ուսանող թոռների հետ, շատ զարմացավ ու այդ օրվանից պահանջեց, որ իրեն սովորեցնեն օգտվել համակարգչից: Սկզբում դժվարանում էր, հիշողությունը թույլ չէր տալիս միանգամից յուրացնելու ասածը, սակայն որոշ ժամանակ հետո սովորեց ինքնուրույն ինտերնետ մտնել, թերթ կարդալ ու շախմատ խաղալ: Իսկ այսօր արդեն նա օրվա մի մասն անցկացնում է համակարգչի առջեւ: Իսկ երբ տնեցիներից մեկը խնդրում է պապին տեղը զիջել իրեն, նեղանում է, դժկամությամբ վեր կենում ու բողոքում` “Ձեռս փող ընկավ, թե չէ, ես ինձ համար սեփական համակարգիչ եմ առնելու, տեսնեմ, էն ժամանակ ինչ եք ասելու”:

Հրաչիկ պապը կարդում է թերթերի ինտերնետային տարբերակները, ծանոթանում լրատվական գործակալությունների նյութերին եւ կարդացածը պատմում նախկին մանկավարժ կնոջը, իսկ վերջում միշտ ասում է` ինտերնետը լավ բան է, եթե ուզես, ասա, քեզ էլ կսովորեցնեմ:

Հատկապես հետաքրքվում է հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններով: Հրաչիկ պապին շատ է  մտահոգում Ղարաբաղի խնդիրը: Պատմում է, որ հակամարտությունների տարիներին մի քանի անգամ կամավոր զինկոմիրսարիատ է գնացել, պահանջել իրեն եւս տանել բանակ` կռվել էր ուզում թշնամու դեմ: Սակայն ամեն անգամ նրան մերժել են` պատճառաբանելով, որ տարիքն անց է: Այդ ժամանակ 57-58 տարեկան էր, դեռ աշխատում էր ու ադրբեջանցիների նշանառության տակ վերցված ճանապարհով մազութ էր տեղափոխում իր բեռնատարով, որպեսզի կանգ չառներ քաղաքը հացով ապահովող միակ փռի աշխատանքը: Ասում է, որ խորհրդային տարիներին ադրբեջանցի հարեւաններ, ընկերներ է ունեցել, շատ համերաշխ են ապրել: Ինքը նրանցից ադրբեջաներեն է սովորել, մինչեւ հիմա դեռ հիշում է այդ լեզուն, վերջերս էլ  ադրբեջաներենով շփվել է իրանցի վարորդի հետ եւ օգնել նրան:

Այսօր ինտերնետն այլեւս չի զարմացնում Հարչիկ պապին, ինչպես նաեւ չի զարմացնում բջջային հեռախոսը, որը երեք տարի առաջ թոռն է նվիրել:

Հիշողությունից մեկ-մեկ գանգատվող Հրաչիկ պապը, տնից դուրս գալիս, երբեք չի մոռանում իր հետ տանել բջջային հեռախոսը, որով կարողանում է միայն զանգել ում պետք է ու պատասխանել զանգերին, ասում է` էսքանն ինձ հերիք է, մնացածն ի՞նչ եմ անում: Օրվա ընթացքում ով զանգի-չզանգի Հրաչիկ պապին, մեկ զանգ նա պարտադիր ստանում է` մանկության ընկերոջից` Համլետից: Նրանց ընկերությունը սկսվել է, ինչպես իրենք են ասում` դեռ օրորոցից: Այսօր Հրաչիկ պապի առօրյայի մի մասն են կազմում ինտերնետն ու բջջային հեռախոսը, չնայած տիրապետում է դրանց ընձեռած հնարավորությունների չնչին մասին միայն: Իսկ երբ դրանց մասին խոսք է լինում, ասում է` “ Էհ, ափսոս, բա ջահել չլինեի”:

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ

1 коммент.:

Շատ շնորհակալություն լավ նյութի համար:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.