"Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ հույս ունի, որ այս տարվանից վերջապես կարող է լուծել ձեռնարկության համար իսկական գլխացավանք դարձած օգտագործված, հին, մաշված եւ այլեւս ոչ պիտանի անվադողերի իրացման խնդիրը:“Ընկերությունը տարեկան մի քանի տասնյակ միլիոններ է տրամադրում բնապահպանական ծրագրերի իրականացման համար: Այդ ծրագրերը բազմազան են: Դրանց հիմնական մասն ուղղված են կոմբինատի կողմից օդի, ջրի, հողի ճիշտ օգտագործմանը, դրանց չաղտոտմանը: Սակայն իրականացվող աշխատանքներին զուգահեռ կան դժվարություններ ձեռնարկության արտադրական թափոնների իրացման գործում: Եթե արտադրական մի շարք թափոններ` մարտկոցներ, մետաղական իրեր, թուղթ եւ այլն հանձնում ենք վերամշակող ընկերություններին, ապա անվադողերը չեն ընդունվում: Ստիպված դրանք պահեստավորում ենք ընկերության հատուկ այդ նպատակով առանձնացված տարածքում եւ կատարում ամենամսյա վճարումներ` 1տ-ի համար տրամադրելով 1600 դրամ գումար”, - ասում է ձեռնարկության բնապահպանության բաժնի պետի պաշտոնակատար Հասմիկ Մկրտումյանը: Վճարվող գումարը “Դինո գոլդ մայնինք քամփնի”-ի նման ձեռնարկության համար մեծ գումար չէ, խնդիրն այլ է` ոչ պիտանի անվադողերի զբաղեցրած տարածքը գնալով մեծանում է: Ձեռնարկությունը պատրաստ է սեփական տարածքից դուրս այլ վայրում տարածք տրամադրելու դեպքում վճարել, անգամ սեփական միջոցներով տեղափոխել անպիտան անվադողերն ու թաղել հողի մեջ: Խնդրի լուծման նպատակով ընկերությունը դիմել է բնապահպանության նախարությանը, որտեղից ստացված պատասխանը հետեւյալն է եղել` “Նման տեղեկատվության չենք տիրապետում”:
Սակայն ձեռնարկության փնտրտուքները` Հայաստանում գտնել հին ու մաշված անվադողերի վերամշակմամբ զբաղվող մի կազմակերպություն` ապարդյուն չի անցել: Պարզվել է, որ ընթացիկ տարվա փետրվարից նման գործունեությամբ զբաղվելու իրավունք է ստացել “Մոբիլ TV” կազմակերպությունը, որին էլ գրավոր դիմել է ընկերությունը:
“Այդ կազմակերպությունն արդեն մեզ է ներկայացրել իր կողմից իրացվող անվադողերի տեսակների ցանկը: Շուտով կսկսենք տեսակավորման աշխատանքները եւ անվադողերի առաքումը: Հույս ունենք, որ խնդիրը, թեկուզ մասամբ, լուծում կստանա”, - ասում է Հ.Մկրտումյանը:ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ
Կապան
Կապան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.