Friday, May 20, 2011

Դինո գոլդ մայնինգ քամփնի-ն ընդլայնում է գործունեությունը


“Հանքավայրի շահագործումը պետք է լինի պետության մենաշնորհը”: Այսպիսի կարծիք է հնչել Կապանի քաղաքապետարանում անցկացված “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ  հերթական նախագծի հանրային քննարկման ընթացքում: Ի դեպ` ընկերությունը մարզում հանքարդյուանբերությամբ զբաղվող չորս ձեռնարկություններից միակն է, որ պահպանում է օրենքի պահանջը եւ իր նախագծերն իրականացնելուց առաջ կազմակերպում է հանրային լսումներ:

Քննարկվող նախագիծը վերաբերում էր կոմբինատի Շահումյանի հանքավայրի ընդլայնման ընթացքում շրջակա մրջավայրի վրա ազդեցության գնահատամանը: Փաստաթղթում ներկայացված են ընկերության արտադրական գործընթացները եւ հզորությունը մինչեւ ընդլայնումը, բերված են ելքային բնակլիմայական պայմանները, նախատեսվող ընդլայնման բնութագրերը եւ ցուցանիշները: Նշված տեղեկությունների եւ տվյալների հիման վրա հաշվարկվել են ընդլայնման արդյունքում շրջակա միջավայրի վրա սպասվող ազդեցության ցուցանիշները:

Ներկայացնելով փաստաթուղթը ընկերության բնապահպանության բաժնի պետի պաշտոնակատար Հասմիկ Մկրտումյանը նշեց, որ ֆաբրիկան այսօր աշխատում է իր հզորության ընդամենը 20-30 տոկոսով եւ որոշում է կայացվել ընդլայնել ձեռնարկության հզորությունները` տարեկան 300 հազար տ-ից անցնելով 600 հազար տոննա հանքաքարի արդյունահանման: Իր խոսքում կարեւորեց այն հանգամանքը, որ հանքաքարի արդյունահանումը կատարվելու է միայն փակ եղանակով: Իսկ հանքավայրից հանքաքարի արդյունահանման նախագիծը կներկայացվի որոշ ժամանակ հետո: Առայժմ այն ներկայացված է ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննությանը:

Փաստաթղթի քննարկումն ընթանում էր սուր բանավեճով: Մասնակիցների` բնապահպանների, ՀԿ ներկայացուցիչների,  լեռնահանքային արդյունաբերության նախկին աշխատողների, ավագանու անդամների, համայնքի ներկայացուցիչների առաջարկությունների հիմքում այն պահանջն էր, որ կոմբինատը պետք է գործի, սակայն նվազագույնս պետք է հասցվեն այն բնապահպանական խնդիրները, որ առաջանում են ձեռնարկության գործունեության ընթացքում: Նրանց մտահոգում էր նաեւ այն  սոցիալական ծրագրերն ու նոր աշխատատեղերի բացումը, որը հնարավոր է նախագծի իրականցումից հետո: Բնապահպաններն ահազանգեցին, որ պետք է ուշադրություն դարձնել հանքաքար տեղափոխող մեքենաների անվադողերի լվացմանը, նաեւ հանրապետությունում միայն կոմբինատի Թեջադինի հանքի շրջակայքում աճող վայրի քաջվարդի էնդեմիկ տեսակի պահպանմանը:

Պատասխանելով մասնակիցների հարցերին ընկերության հասարակայնության եւ կառավարության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանն ասաց, որ  մատնանշված բոլոր թերությունները, բացթողումները քննարկվելու են եւ հնարավորինս դրանք ներառվելու են նախագծի մեջ:

Նախագծի քննարկման վերջում մասնակիցները պահանջեցին արձանագրության մեջ անպայման նշել, որ Կապանի բնակչությունը դեմ է Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործմանը:
ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ, Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.