Thursday, May 5, 2011

ՇԻԿԱՀՈՂԸ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է


Գեղեցիկ ու մաքուր, բարեկարգ ու լուսավոր, փարթամ բուսականությամբ, գազաֆիկացված, փողոցներ` ավտոբուսի կանգառներով, զբոսայգի` կարուսելներով… Իրենց նկարչական աշխատանքներում հայրենի գյուղն այսպես են երազում տեսնել Կապանի տարածաշրջանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ եւ Ներքին Հանդ համայնքների երեխաները:

Սրանք այն հինգ գյուղերն են, որոնք ընդգրկված են Գերմանիայի վերակառուցման բանկի (KFW) եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվող ”Շիկահող” պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծման եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում” ծրագրում:

Նախագծի ընդհանուր արժեքը 4 մլն եվրո է, տեւողությունը` 5 տարի: Ծրագրի նախնական փուլ համարվող ”Մրցույթ/մրցանակ” միջոցառման շրջանակներում է կազմակերպվել “Իմ երազանքների գյուղը” թեմայով նկարչական աշխատանքների մրցույթը` նշված հինգ համայնքների դպրոցներում:

Մրցույթին մասնակցել է 110 երեխա, որոնցից 13-ի աշխատանքները ճանաչվել են լավագույնը եւ ծրագրի ղեկավարության կողմից արժանացել թանկարժեք նվերների` բջջային հեռախոսների եւ ուսապարկերի:

“Պատկերացնել անգամ չէինք կարող, որ հեռավոր գյուղերի երեխաներն այսքան վառ երեւակայություն ունեն: Մասնակիցներից մեկի աշխատանքում արջը գրկել էր ծառը եւ թույլ չէր տալիս մարդկանց կտրել այն: Սա խոսում է բնության նկատմամբ երեխայի ունեցած անսահման սիրո մասին: Նման հետաքրքիր աշխատանքները շատ էին եւ որոշել, թե որոնք են լավագույնները, իրոք դժվար էր”, - ասում է մրցույթի ժյուրիի անդամ Վլադիկ Ղուկասյանը:

Մրցույթին մասնակցած մյուս երեխաներին, նաեւ այդ գյուղերի դպրոցներին եւս բաժին են հասել նվերներ` գունավոր կավիճներ, նկարչական տետրեր, մատիտներ, ներկեր, վրձիններ, պատկերազարդ գրքեր, գնդակներ, սեղանի խաղեր, նաեւ` պահպանվող բուսական ու կենդանական աշխարհին նվիրված պլակատներ` կենսաբանության դասաժամերին օգտագործելու համար:

“Շիկահողի ենթաշրջանի բնությունը շատ եզակի է ու հիանալի: Այն միջազգային  նշանակություն ունի եւ հետաքրքրում է ողջ աշխարհին: Դա է պատճառը, որ ես ու ծրագրի մյուս պատասխանատուները հանձնարարական ենք ստացել հնարավորինս արդյունավետ իրականացնել այս նախագիծը, որի ավարտին տարածաշրջանում կունենանք բնության հետ ներդաշնակ ապրող մարդիկ ու բարեկեցիկ բնակչություն”, - ասում է ծրագրի ղեկավար Գյունտեր Լոյսքանդլին:

Բնապահպանական այս ծրագիրը, որը ենթադրում է, առաջինը Հայաստանում, “Շիկահող” պետարգելոցը որպես միջուկ օգտագործելով, ստեղծել կենսոլորտային պահպանվող տարածք, գումարներ է նախատեսում նաեւ հինգ գյուղական համայնքների անհատական տնտեսությունների եկամտի ավելացման, բնամթերքի իրացման եւ համայնքային եկամուտների մուտքերի մեծացման համար: Կլինեն ծրագրեր նաեւ Կապան քաղաքի համար:

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ
Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.