Friday, May 20, 2011

Կոտայքի մարզում լույս աշխարհ են եկել ԽՈԶՈՒԿՆԵՐ առանց աչքերի


Բնությունն իր հերթական անակնկալն է մատուցել Կոտայքի մարզի Արզական գյուղում: Խոզաբուծությամբ զբաղվող Վարդանյանների «Սուսաննա» անունով խոզը քսանյոթ օր առաջ լույս աշխարհ է բերել տասներկու խոճկոր, որոնք, ի զարմանս բոլորի, զուրկ են տեսողական օրգաններից՝ աչքերից: «Սկզբում շատ ուրախացանք , որ խոզը տասներկու խոճկոր է բերել, բայց երբ նկատեցինք, որ աչքեր չունեն` մնացինք զարմացած: Իրոք, շատ հետաքրքիր երևույթ է,- ասում է Վարդանյանների ավագ որդին՝ Միհրանը,- երկար ժամանակ է մեր ընտանիքը խոզաբուծությամբ է զբաղվում, բայց երբեք նման դեպք չի կատարվել»:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ աչքերի համար նախատեսված ակնակապիճները կան: Միհրանի խոսքով գյուղում եղել են դեպքեր, երբ կենդանին արատով է ծնվել, սակայն մի քանի օրից երկար չի ապրել, իսկ այս խոճկորներն արդեն երեք շաբաթից ավել է ապրում են, լավ սնվում ու նաև աշխույժ խաղում: Մորն ու սնունդը գտնում են հոտառությամբ: Միհրանի խոսքով հատուկ ձայնային ազդանշանների միջոցով մայրը կանչում է իր խոզուկներին և կաթ տալիս: «Սուսաննա» խոզուկը, ի տարբերություն մյուսների, շատ ուշադիր ու հոգատար է իր խոզուկների նկատմամբ, մեծ դժվարությամբ է Միհրան Վարդանյանը մոտենում փոքրիկներին, կերակրում կամ լողացնում: Մայրական բնազդով հասկանալով իր փոքրիկների անպաշտպանվածությունը՝ «Սուսաննա» խոզուկը ամեն կերպ փորձում է չհեռանալ նրանցից: 

Այս հանգամանքը ևս զարմացրել է Վարդանյանների ընտանիքին: Նման զգայուն վերաբերմունք խոզերի մոտ նրանք երբեք չեն նկատել:

Այս արտասովոր դեպքը մեծ իրարանցում է առաջացրել գյուղում, բոլորը գալիս են տեսնելու անսովոր խոզուկներին: Ոչ ոք չի կարողանում պատասխանել այն հարցին, թե կենսաբանական ու գենետիկական ինչ փոփոխությունների արդյունքում են խոճկորներն առանց աչքերի ծնվել: Գյուղի անասնաբույժի անմիջական վերահսկողությամբ Վարդանյանները պատրաստվում են դեռ երկար պահել այս հետաքրքիր խոզուկներին: §Շատ հետաքրքիր է, թե մեծանալով իրենց ինչպես կպահեն այս խոզերը,-ասում է Միհրանը:

2 коммент.:

Դժբախտաբար, բնությունն էլ է երբեմն սխալվում...

բնությունը զգուշացնում է

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.