Monday, May 23, 2011

Կարկուտն իմացել է գյուղի տեղը

"Մեր գյուղն այնքան փոքր է ու անուշադրության մատնված, որ միշտ թվացել է, թե մեր տեղը իմացող չկա: Բայց պարզվում է, որ կարկուտն իմացել է”, - ասում է Կապանի Խդրանց գյուղի բնակիչ Էմիլ Բաբայանը:

Նա միակը չէ, որի ցանքսերն ու այգիները հողին են հավասարվել երեկ ուշ երեկոյան` ժամը 22-ի սահմաններում, տեղացած աննախադեպ կարկուտի հետեւանքով: Ուժգին կարկուտից հոսանքազրկվել էր գյուղը, ջարդվել են ապակիներ, 90-100 տոկոսով վնասվել են գյուղի  բանջարանոցները, ջերմոցներն ու այգիները:

“66 տարեկան եմ, նման բան չէի տեսել: 30 րոպեի ընթացքում գետինը ծածկվեց 15 սմ հաստության կարկուտի շերտով: Ամեն մեկը մի ընկույզ չափ էր: Տնից դուրս գալ հնարավոր չէր: 2500մ տնամերձ հողամասում վարել էի ամեն ինչ: Արդեն արել էի կարտոֆիլի առաջին փխրեցումը: Իսկ հիմա արածս ջուրն է ընկել: 1992թ-ին էլ տունս է հրետակոծվել: Երեք արկ է ընկել շենքիս  վրա: Մինչեւ այսօր ոչ մի փոխհատուցում չեմ ստացել: Եղած թոշակովս էլ հազիվ վարկ ենք փակում”, - ասում է Գագիկ Սարգսյանը:

80-ամյա  Ռայա Մարտիրոսյանը գյուղում միայնակ է ապրում: Երբ սկսվել է կարկուտը, շատ է վախեցել, ինչպես ինքն է ասում` թվացել է, թե երկրաշարժ է: “Էս քանի օրն էլ գյուղում խոսում էին, որ թերթերում գրել են, թե աշխարհի վերջն է լինելու: Երբ լույսերը անջատվեցին, ինձ թվաց, որ իրոք աշխարհի վերջն է”, - հուսահատ ու վախը դեռեւս լիովին չթոթափած պատմում է 80-ամյա Ռայա տատը, որի ցանքսերը եւս տուժել են, սակայն նրան ավելի շատ հուզում էին տուժած խոտհարքները, ինչի պատճառով իր միակ կովին կերակրելու համար ձմռանը խոտ չի ունենալու:

“Եթե լոբին ու սածիլավոր կուլտուրաները դեռ կարելի է նորից աճեցնել, ապա կարտոֆիլը հնարավոր չէ: Մինչդեռ գյուղացիները սերմը ձեռք էին բերել 400-450 դրամով եւ ակնկալում էին լավ բերք: Էլ չեմ խոսում այգիների մասին: Ծառերի վրայից մանր, խակ պտուղներն ու տերեւներն ամբողջովին թափվել են”, - ասում է Խդրանցի գյուղապետ Անդրանիկ Բաբայանը:

“Արեցիքն ու դատարկ նստեցինք, 3 ամսվա աշխատանքը մի ակնթարթում ջուր դառավ, գնաց, հույսներս կառավարությունն է, որ փոխհատուցի: Բայց դե անցած ամռանն էլ գյուղում 60 խոզ սատկեց, ոչինչ էլ չտվեցին: Հիմա էլ անասուններին գոմերից չենք կարող հանել, կարկուտից խոտը դառնացել է, կթունավորվեն: Կարկուտի շերտը դժվար հասցնի հալվել այս ամսվա ընթացքում: Իսկ թե ինչ են ուտելու անասունները, չգիտենք”, - մտահոգվում է Հրանտ Սարգսյանը:

Սակայն խդրանցիներից ամենատխուրը երեւի թե 72-ամյա Փարավոն Մովսիսյանն էր` կանգնած էր լուռ ու ոչինչ չէր խոսում:

Համագյուղացիները կես կատակ, կես լուրջ պատմեցին, որ Փարավոն պապը արդեն մի քանի տարի է կնոջ մահից հետո մենակ է ապրում: Որոշել է` Էս քանի օրը Կապանից կին առնել: Երեք տեղ հող էր մշակել, բայց երեկվա կարկուտից դատարկաձեռն է մնացել ու հիմա մտավախություն ունի, որ “հարսնացուն կփոշմանի ու չի գա”:

Խդրանց գյուղը Սյունիքում միակը չէ, որ տուժել է երեկվա կարկուտից: Աղետից տուժել են Կապանի տարածաշրջանի եւս 6 եւ Մեղրու 7 համայնքներ: Վնասի չափը հաշվարկելու համար մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Գոհար Իսախանյան, Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.