Monday, May 30, 2011

Սյունիքի գյուղացիների բիզնես-ծրագրերը մրցանակների են արժանացել


“Շիկահող” պետարգելոցի հարակից հինգ գյուղերի` Ծավի,  Սրաշենի, Ներքին Հանդի, Շիկահողի եւ Ճակատենի բնակիչներն էլ են խոստովանում, որ երբեք այսքան ոգեւորված չեն եղել: Գյուղացիների կողմից ներկայացված համայնքի զարգացման 51 բիզնես ծրագրերից 25-ը ճանաչվել են լավագույնը եւ արժանացել մրցանակների` յուրաքանչյուրը 100-120 հազար դրամ արժողության: Հաղթողներից 9-ը կանայք են, որոնց լրացուցիչ տրվել են նաեւ բջջային հեռախոսներ ու խոհանոցային էլեկտրական սարքավորումներ: Մրցանակների մեջ տեղ են գտել նաեւ զանազան խոհանոցային պարագաներ, գյուղատնտեսական աշխատանքային գործիքներ եւ այլն:

Ներքին Հանդ գյուղի բնակիչ Լաուրա Խալափյանի ու իր ամուսնու ծրագրերը եւս լավագույնների շարքում են: “Ես ներկայացրել եմ գյուղում խմորեղենի արտադրամասի հիմնման ծրագիր: Ինքս մասնագիտությամբ մանկավարժ եմ եւ աշխատում եմ գյուղի դպրոցում, նաեւ շատ եմ սիրում խմորեղեն պատրաստել եւ միշտ մտածել եմ նման ծրագրի իրականցման մասին: Ամուսնուս ներկայացրած ծրագիրը եւս շահել է, այն գյուղատնտեսության, կոնկրետ անասնապահության զարգացման վերաբերյալ է”, - ասում է նա:

Մրցույթն անցակցվել է Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման եւ համագործակցության նախարարությունը ներկայացնող KFW զարգացման բանկի ֆինասավորմամբ իրականցվող ””Շիկահող” պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծման եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում” ծրագրի բաղադրիչ կազմող “Մրցույթ/մրցանակ” նախապատրաստական փուլի շրջանակներում:

“Ծրագրից սպասելիքները շատ են: Գյուղի յուրաքանչյուր օջախի բարեկեցության համար է արվում ամեն ինչ, որի անհրաժեշտությունն այսօր շատ է զգացվում”, - ասում է Ծավի գյուղապետ Արարատ Մարտիրոսյանը:

Ծրագրի պատասխանատուները նվերներից անմասն չեն թողել նաեւ գյուղերի մանկապարտեզների ու դպրոցների սաներին: SEF կազմակերպության հետ համատեղ նրանց են նվիրել խաղալիքներ ու պատկերազարդ գրքեր: Իսկ պետրագելոցի հերթական նվերը ժամանակակից հեռադիտակներն էին: Մինչ այդ նվիրել էին համակարգիչ, տպիչ մեքենա, գրենական պիտույքներ եւ այլն:

Դեռեւս ապրիլ ամսին “Մրցույթ/մրցանակ” բաղադրիչի շրջանակներում Շիկահողի ենթաշրջանի դպրոցների բոլոր 107 աշակերտները մասնակցել են ծրագրի կողմից անցկացված նկարչական մրցույթին եւ լավագույն 13 աշխատանքների հեղինակները պարգեւատրվել են արժեքավոր մրցանակներով, նաեւ յուրաքանչյուր մասնակից ստացել է անհատական նվերներ, իսկ մասնակից 5 դպրոցներին տրամադրվել են տարբեր դիդակտիկ նյութեր եւ գույք:

4 մլն եվրո արժողության այս ծրագրի իրականացման համար առաջարկվող 5 տարիների ընթացքում Շիկահողի ենթաշրջանը անհրաժեշտ աջակցություն կստանա UNESCO-ի ստանդարտներով “Մարդը եւ կենսոլորտը” ծրագրի շրջանակներում միջազգային ճանաչում ստանալու համար՝ որպես եզակի բնական արժեքներ պարունակող տարածք:
ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ, Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.