Շուրջ 3 ամիս ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվելուց հետո Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանն ու Սպիտակի պոլիկլինիկայի բժշկուհի Ֆիլոմենա Մոսոյանը ազատության մեջ են:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը՝ ի դեմս դատավոր Մարինե Մելքոնյանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող բժշկուհիներին մեղավոր ճանաչեց, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեց:
Դատարանը Ֆիլոմենա Մոսոյանին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման, իսկ իր մեղքը չընդունած բժշկուհի Գայանե Գասպարյանին 1.5 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ բժշկուհիները մեղադրվում էին Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մի բնակչուհուց 55.000 դրամ կաշառք վերցնելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ֆիլոմենա Մոսոյանը 35.000 դրամ էր վերցրել Արմենուհի Ասոյանից՝ վերջինիս հաշմանդամության կարգ նշանակելու համար ուղեգիր հատկացնելու նպատակով, Գայանե Գասպարյանն էլ, առանց ստացիոնար հետազոտման, բժշկական եզրակացություն կազմելու և այն տրամադրելու համար Ջրաշեն գյուղի բնակչից ստացել էր 20.000 դրամ:
Դատարանի դահլիճից ազատ արձակված բժշկուհիներին դատարանը չի արգելել զբաղվելու մասնագիտական գործունեությամբ:
Գայանե Գասպարյանի Փաստաբան Կարեն Թումանյանը արդարացում է պահանջելու եւ բողոքարկելու է որոշումը:
Բժշկուհու մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ ավելացնում է, որ Գապարյանը կեղծ վիճակագրության զոհ, է, որ այս պարագայում գործ ունենք կաշառքի պրովոկացիայի հետ:
«Գայանե Գասպարյանը զոհ է դառնում կեղծ վիճակագրությանը, որպեսզի ցույց տան, թե կաշառակերության դեմ պայքար են տանում»,-ասում է պաշտպանը:
Ըստ նրա՝ երբ տուժողը վերջին անգամ գնացել է Գայանե Գասպարյանի մոտ, արդեն ոստիկանների հետ պայմանավորված է եղել:
«Այդ եղանակով յուրաքանչյուրս կարող ենք զոհ դառնալ, 1-2 անբարեխիղճ, անպարտաճանաչ անձնավորությունների սուտ ցուցմունքների հիման վրա ենթարկվենք քրեական պատասխանատվության»,-հավելում է Հակոբյանը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ Aravot.am
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.