Thursday, May 12, 2011

Հունադավան եկեղեցին վտանգված է

Կապան քաղաքից 5-6 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնվող Բաշքենդ գյուղատեղիի հունական եկեղեցու ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: 19-րդ դարում Կապանի հանքերը շահագործող օտարազգի հանքագործների համար կառուցված այս եկեղեցին, որը, իրավամբ, արվեստի յուրօրինակ գործ է, այսօր մոռացված է շատերի կողմից: Իսկ պատճառը ոչ թե եկեղեցու հունադավան լինելն է, այլ այն, որ հոգեւոր այս շինության ողջ տարածքը վթարային է եւ վտանգավոր:

Եկեղեցին մեկն է Սյունիքի այն ոչ հայկական պատմական հուշարձաններից, որոնք ներառված են պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական ցուցակում. այլ կերպ ասած` Բաշքենդի եկեղեցին պահպանվող տարածք է պետության կողմից “Եկեղեցու հիմքում ամբողջովին շահագործված հանքեր են: Շինության հյուսիսային եւ հարավ-արեւմտյան կողմերում խորը փլվածքներ կան, ինչի հետեւանքով եկեղեցու բոլոր պատերին ճաքեր են առաջացել, եւ չի բացառվում, որ մի օր էլ այն կփլվի”, - անհանգստանում է Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը, ով բազմիցս է ահազանգել համապատասխան մարմիններին, որ եկեղեցին վթարային վիճակում է, եւ այն տեղափոխման կարիք ունի:

Երկու տարի առաջ “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ-ն հանձն առավ լուծել եկեղեցու տեղափոխման խնդիրը, քանի որ ուներ այդ տարածքի հանքերի շահագործման լիցենզիա: Սակայն նպատակահարմար չհամարելով շահագործել հանքը, ձեռնարկությունը հրաժարվեց լիցենզիայից, ինչպես նաեւ` հրաժարվեց եկեղեցին տեղափոխելու ծրագրից: Խնդրով հետաքրքրվել է նաեւ վարչապետի վերահսկողական ծառայությունը, սակայն առայսօր ոչ մի քայլ չի ձեռնարկվել Բաշքենդի եկեղեցին փլուզումից փրկելու համար: Եկեղեցին կառուցվել է 1865թ., որի հարեւանությամբ կա զանգակատուն, դամբարան, որտեղ էլ թաղված է եկեղեցու շինարարը:

Սյունիքի մարզի տարածքում կան մի քանի մահմեդական գերեզմանոցներ, որոնք եւս հաշվառված են պահպանվող տարածքների պետական ցուցակում: Դրանցից է Աղիտուի մահմեդական գերեզմանոցը` կիսավեր մզկիթով: Համեմատաբար լավ է պահպանված Լեհվազի գերեզմանոցը: Այստեղ կա նաեւ ադրբեջանական կիսաքանդ դամբարան, որի ութանիստ հիմքը եւ պատերի մի մասը լավ պահպանված են: Նռնաձոր գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք’ նախկին հայկական Ըռնաձոր գյուղատեղիում եւս մահմեդական տապանաքարեր կան: Այլ հաշվառված ոչ հայկական հուշարձաններ մարզի տարածքում չկան, սակայն Քիրս, Քարուտ, Գեղի կոչվող տարածքներում մինչ այսօր պահպանված են ադրբեջանական գերեզմաններ:

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ
Կապան

1 коммент.:

Հուսով եմ, եկեղեցին կունենա իր փրկիչ-հովանավորին:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.