Գործազրկության մակարդակը նվազեցնելու նպատակով կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, սակայն իրավիճակը դրանից առանձնապես չի փոխվում: Իրականացվող ծրագրերը ժամանակավոր են, և մի քանի ամիս աշխատելուց հետո, մարդիկ կրկին գործազուրկ են: Ըստ Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնի` ներկայումս գրանցված է 2000 գործազուրկ, նրանց 70%-ը կանայք են: Սա պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն է, իսկ իրականում նրանց թիվն ավելի մեծ է :
«Ամենամեծ դժվարությունը գործազուրկի համար աշխատանք գտնելն է»,- ասում է Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վարուժան Գալստյանը: Նրա խոսքերով գործատուների հետ մշտապես կապի մեջ են, փորձում են աջակցել և, եթե թափուր տեղեր են լինում, միջնորդում են աշխատանքի տեղավորման հարցում:
Գրանցված գործազուրկների հիմնական մասը 30-50 տարեկան միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողներն են: Աշխատանք գտնելու հարցում դժվարանում են հենց նրանք:
Պրոֆեսոր Երիցյանի անվան Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Սուրիկ Ավետիսյանը նշում է, որ, եթե նախկինում ուսանողների թիվը հատում էր 600-ի սահմանը, ապա այսօր 180 երիտասարդ է սովորում քոլեջում: Դիմորդների թվի կտրուկ նվազումը պայմանավորված է նրանով, որ գործատուները առաջնահերթ աշխատանքի են ընդունում բարձրագույն կրթություն ունեցողներին:
«Քանի որ այսօր բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու ճանապարհը բավականին հեշտ է, ապա երիտասարդները, բնականաբար, ստանում են բարձրագույն կրթություն , իսկ այս դեպքում միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողի աշխատանքի ընդունվելու հավանականությունը նվազում է», - ասում է Ավետիսյանը:
«Երիտասարդների գործազրկության պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր շատերը ստանում են դիպլոմ, բայց ոչ կրթություն, արդյունքում չունենալով ոչ աշխատանք, ոչ էլ հույս»,- ասում է գորիսեցի Սեդրակ Մկրտչյանը: Սեդրակը 20 տարուց ավել զբաղվում է կոշկակարությամբ: Իր աշխատանքից դժգոհ չէ. վաստակած գումարը բավականեցնում է ընտանիքը պահելու համար: Ասում է, եթե 20 տարի հետո էլ մասնագիտության ընտրության հարց լիներ, կընտրեր կոշկակարությունը:
«Որ ոչ մի բան չկա, օրվա հացի փողը միշտ էլ կա: Շատ ծնողներ իրենք են մեղավոր, որ իրենց երեխաները ճիշտ չեն կողմնորոշվում, եթե երեխան ուսման մեջ առաջադեմ չէ, պարտադիր չէ նրա համար դիպլոմ գնել: Պետք է խրախուսել, որպեսզի նա արհեստ սովորի»,-ասում է Սեդրակը:
Հիմա, հատկապես շինարարության ոլորտում, արհեստավորների կարիք կա, սակայն մասնագետ չկա: Շատերն են մտահոգ, որ մի քանի տարի հետո պատշարներ, խառատներ, այլ վարպետներ չեն լինի:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.