Friday, May 27, 2011

Պտտվիր, պտտվիր, կարուսել. երգը դեռ կլսվի

Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետ  Աշոտ Պետրոսյանի տեղեկատվությամբ, այս տարի անցկացրած փորձաքննության արդյունքում Կապանում դադարեցվել է 4 կարուսելի գործունեություն, մեկն էլ ապամոնտաժվել է։ Սակայն Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բոլոր կարուսելները գործում են։ Մեզ հետ հեռախոսազրույցում Աշոտ Պետրոսյանը հաստատեց իր հայտարարությունը եւ առաջին անգամ մեզնից լսեց, որ Կապանում կարուսելները, բացի ապամոնտաժվածից, աշխատում են։  

Կենտրոնը, ըստ Աշոտ Պետրոսյանի, դրանց վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն։ Սակայն զբոսայգու տնօրեն Սեյրան Հայրապետյանը կտրականապես հերքեց, որ իրենց արգելվել է աշխատել։  Զրուցակցիս խոսքով, կենտրոնը  պահանջում է այնպիսի միջոցառումներ, որ անհնար է իրականացնել: «Ասենք, աշխատակազմի վերապատրաստում: Որտեղ՝ չեն ասում: Թող ցույց տան մի տեղ, որ նման դասընթաց է կազմակերպվում, ու մենք կգնանք՝ չենք զլանում»,- ասաց տնօրենը: Կամ, ասենք, լիցենզավորված կազմակերպությունն է պետք, որ իրականացնի նորոգման աշխատանքներ: Փաստորեն, այդպիսի կառույց էլ չկա:

Ս. Հայրապետյանի խոսքով, մյուս  բոլոր փաստաթղթերը կարգին են։ Մեր այն հարցին, թե այդ դեպքում որտեղ են փորձաքննության դրական արդյունքները հավաստող փաստաթղթերը, ասաց, որ Երեւանից օրերս կուղարկվեն։ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետի խոսքով էլ, շահագործելու իրավունք ունեցող կարուսելներին պետք է փակցված լինի համապատասխան թույլտվությունը՝ կնքված ու ստորագրված կենտրոնի կողմից։ Այնուամենայնիվ, զբոսայգու եւ ոչ մի կարուսելի վրա  համապատասխան թույլտվություն չկար։ Ի դեպ, տնօրենի խոսքով, իրենք 2 կարուսել ունեն՝ «Ռամաշկա» եւ «Ուրախ բլուրներ»: Մնացած 3-ը համարվում են ճոճանակներ: Զբոսայգու այցելուներին այնքան էլ չէր հետաքրքրում անվտանգության խնդիրը:

«Դե էդքան լավ չգիտենք, գուցե վտանգավոր է, բայց երեխան ուզում է՝ ստիպված ես բերել ու հետը նստել»,- ասում է տիկին Ժաննան: Ստացվում է այնպես, որ 50-100 դրամի պատճառով կարող է վտանգվել երեխաների կյանքը: Զբոսայգու տնօրենն անձամբ իր թոռներին է բերում կարուսել։ Առաջին հերթին ինքն է մտահոգ, որ սարքավորումներն անվտանգ լինեն: «Ես եմ, չէ՞, պատասխան տալու, ես կուզե՞մ, որ մի բան էն չլինի»,-ասում է նա:

Փաստ է, որ վերահսկող գործուն մի կառույց է անհրաժեշտ։ Ի դեպարտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Սյունիքի ստորաբաժանման պետ Ռուբեն Մարտիրոսյանն էլ մեզ ասաց, որ ինքը պահակ չէ, որպեսզի հսկի իրենց ենթակայության տակ գտնվող 1200-ից ավելի սուբյեկտներին։ «Կա որոշում՝ պարտավոր են ենթարկվել»,- ասաց նա։ Նշենք նաեւ, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով, տնտեսվարող սուբյեկտները տուգանք պետք է  վճարեն, եթե շահագործում են առանց համապատասխան թույլտվության։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.