Wednesday, May 18, 2011

Բոլորը դեպի Սիբիր. «Որ երեխեդ սոված է, էլ հայրենիքն աչքիդ չի գալիս»

Հայաստանը մի քանի տարի անցՎանաձոր քաղաքի բնակիչ 56-ամյա Լյովա Գաբրիելյանը տարիներ շարունակ հայրենի քաղաքում աշխատանք չգտնելով, որոշել է 6 հոգուց բաղկացած ընտանիքի հետ Ռուսաստան մեկնել` աշխատելու և հիմնվելու համար:
«Ես ուրիշ ճար չունեմ, տարիներ շարունակ Ռուսաստան խոպան եմ գնացել, հիմա հնարավորություն ունեմ ընտանիքով տեղափոխվելու: Ի՞նչ պիտի անեմ Հայաստանում: Ոչ մի հեռանկար չկա,- ասում է Գաբրիելյանը: - Իսկ Ռուսաստանն այդ հնարավորությունը տալիս է»:
Երկար հերթի մեջ կանգնած նա իր հայրենակիցների հետ սպասում է հանդիպելու Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության «Հայրենակիցներ» ծրագրի համակարգողի հետ` հավելյալ տվյալներ ստանալու:

Մարզերում տեղակայված «Հայրենակիցներ» ծրագրի համակարգողների խոսքով` ծրագիրն արդեն երկու տարի է` մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղացիների շրջանում: Ծրագիրն ընտանիքներին հնարավորություն է տալիս հիմնվելու Ռուսաստանի հիմնականում ծայրամասային բնակավայրերում` ապահովելով միանվագ 4000-8000 դոլար գումարով, աշխատանքով և տնով, իսկ կես տարվա ընթացքում նաև` ՌԴ քաղաքացիություն է շնորհվում:

Պայմանագիրը կնքվում է 2 տարվա համար: Եթե դիմողը հրաժարվում է պայմանագրից՝ չցանկանալով այլևս մնալ ՌԴ-ում, վերադարձնում է նախկինում փոխհատուցված բոլոր ծախսերը:

«Ամեն շաբաթ 45-ից ոչ պակաս մարդ է գալիս Վանաձորի կենտրոն»,- նշում է ծրագրի Լոռու մարզի համակարգող Տատյանա Ռուդոմետկինան, մինչ կենտրոն դիմելու համար հավաքված մարդկանց հոսքը գնալով ավելանում է:

Ըստ ծառայության պաշտոնական տվյալների` նախորդ տարվա ընթացքում ծրագրով մոտ 2000 հոգի է մեկնել, որոնց մեծ մասը բնակեցվել է Կալինինգրադի, Տամբովի, Կալուգայի ու Լիպեցկի մարզերում:

Սակայն վերլուծաբանները նշում են, որ ծրագիրն իսկական պատուհաս է դարձել առանց այն էլ արտագաղթի մեծ տեմպեր ունեցող Հայաստանի համար, ուր վերջին տարվա սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակը մեծացրել է դժգոհության ալիքը:

«Հերիք է լցնենք ռուսական աքսորավայրերը», «Ո՛չ պլանավորված հայաթափմանը, «Կառավարությանը` Սիբիր», «Հայաստանն առանց հայերի» և այլ կարգախոսներով մարտի 18-ին կառավարության շենքի մոտ ընդդեմ ծրագրի բողոքի ակցիա էին կազմակերպել «Հիմա» երիտասարդական շարժումը, որը կառավարությանը կոչ էր անում լրացնել փաստաթղթերը և մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի` փոխարենը գործազրկությանն ու սոցիալական վիճակին նման լուծում տալու:

Սակայն իշխանությունները կարծես թե անհաղորդ են մնում հասարակական տարբեր շրջանակների և քաղաքական որոշ ուժերի արդեն իսկ հնչեցրած մտահոգություններին:
Ի պատասխան «Մեդիալաբի» հարցմանը, թե արդյոք ի՞նչ պատասխան քայլեր է ձեռնարկում կառավարությունն այս ծրագրի կապակցությամբ, այդպես էլ շաբաթներ շարունակ մնացել են անպատասխան:

Սակայն մտահոգությունները այն խոսակցություններին զուգահեռ, թե Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած ոչ նպաստավոր քաղաքականության և թե այն մասին, որ Ռուսաստանի ծայրամասերում արդեն հայկական համայնքներ են հիմնվում և Հայաստանը հայաթափվում է, շարունակում են թափ հավաքել:

«Երկրում տրամադրություններն իրոք մտահոգիչ են»,- «Մեդիալաբին» ասում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: - Մարդիկ հոգնել են ամեն ինչից և հնարավորության դեպքում, վատ կյանքից փախչելու համար, պատրաստ են հեռանալ նույնիսկ անորոշ ուղղությամբ, և այս դեպքում այն ծրագրերը, որոնք մարդկանց նորմալ կյանք են խոստանում, չեն կարող գրավիչ չլինել»:

Թեև ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով` անցյալ տարվա հունվարի համեմատությամբ այս տարի մասնավոր տրանսֆերտներն Հայաստան աճել են 37,7 տոկոսով, սակայն այս աճի միտումները վերլուծաբանները կապում են ոչ թե լավ կյանքի, այլ արտագաղթի տեմպերի և Հայաստանը լքողների թվի աճի հետ:

«Եթե պետությունը չի կարող հոգալ իմ աշխատանքի հարցը, չի կարող օգնել, որ ես ոտքի կանգնեմ, ես ի՞նչ երեսով նայեմ երեխաներիս աչքերին,- «Մեդիալաբին» ասում է «Հայրենակիցներ» ծրագրին դիմել պատրաստվողներից մեկը: - Պետությունը մեզ այլ ելք չի թողել, և չպետք է զարմանալ, որ մարդիկ արտագաղթում են, իրենք էլ ամեն ինչ անում են դրա համար»:

Արտագաղթի թեման, որը չափազանց արդիական է դարձել վերջին ամիսներին` քաղաքական տարբեր ուժերի կողմից որպես շահարկման, իսկ կառավարության կողմից` որպես հաղթահարելի մի երևույթ ներկայանալով, ըստ մասնագետների` լուրջ հետազոտության կարիք ունի:

Վիճակագրական տվյալների համաձայն` անկախությունից ի վեր Հայաստանը լքել է 1,1 մլն մարդ: Տարեկան Հայաստանը լքողների թիվը մոտ 60 հազար է:

Ավելի քան 75 տարի հետազոտությունների փորձ ունեցող Gallup կենտրոնի` անցյալ օգոստոսին հրապարակած ուսումնասիրության համաձայն` նախկին խորհրդային հանրապետություններում սեփական երկիրը մշտապես լքելու ամենամեծ ցանկությունն ունեն հայաստանցիները: Ըստ ուսումնասիրության` Հայաստանից հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39%-ը, Վրաստանից` 14%-ը, իսկ Ադրբեջանից` 12%-ը:

Ադիբեկյանն ասում է, որ մարդիկ դժգոհ են սոցիալ-տնտեսական վիճակից, գնաճի տեմպերից, գործազրկությունից, կառավարության վարած քաղաքականությունից:

Վանաձորցիները ևս կառավարությանը մեղադրում են համատարած գործազրկության, գնաճի աննախադեպ տեմպի, կենսապայմանների դժվարացման և հազար ու մի խնդիրների մեջ:

«Պետությունը հեչ չի հետաքրքրվում՝ թե էս մարդիկ ինչի՞ են գնում, բարձիթողի վիճակ է,- ասում է «Հայրենակիցներ» ծրագրով ընտանիքով ՌԴ տեղափոխվել ցանկացող 52-ամյա վանաձորցի Սուսաննա Խառատյանը: - Ապրելն ա` էն ա ընդեղ կապրենք»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ևս ծրագրի նկատմամբ կառավարության վերաբերմունքն «անտարբեր» է որակում:

«Ինչը շատ մտահոգիչ է,- ասում է նա,- պետք է ծրագրեր մշակվեն, մարդկանց սոցիալական վիճակը բարելավվի»:

Փետրվարի 25-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությունը մտահոգված է «արտագաղթ երևույթով», և որ գործողությունների ծրագիր է հաստատվել` արտագաղթը նվազեցնելու համար:

«Ավելին` ծրագիր ունենք հայրենադարձության, որի նպատակն է մեր հայրենակիցների հանդեպ ստեղծել բարենպաստ միջավայր: Ըստ վիճակագրության` արտագաղթի դինամիկան տարեցտարի նվազում է, և դա պայմանավորված է ՀՀ կենսամակարդակի բարձր դինամիկայով` ի համեմատ այն երկրների, որտեղ գնում են ապրելու մեր հայրենակիցները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Տիգրան Սարգսյանը:
Սակայն, ի տարբերություն վարչապետի, վիճակագիրներն այլ բան են պնդում:

«Տարեցտարի մենք արձանագրում ենք արտագաղթի աճի միտում, ինչը մտահոգիչ է,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը: - Մարդիկ դժգոհ են, սակայն իրավիճակն էլ ավելի մտահոգիչ է դառնում, երբ կա օրինական միգրացիայի հնարավորություն` գրավիչ պայմաններով»:

29-ամյա վանաձորցի Տաթևիկ Կյուրեղյանն ասում է, որ ոգևորված է Ռուսաստան մեկնելու հնարավորությամբ: Նա ասում է, որ իր 4 հոգուց բաղկացած ընտանիքով մեկնելու է Հայաստանից:

«Ամուսինս չի աշխատում, աշխատանքի տեղ չկա, չենք կարողանում ապրել: Օր օրի գները թանկանում են, ապրելու հնար չկա,- ասում է նա: - Եթե չես կարողանում երեխայիդ օրվա հացը նորմալ ապահովել, էլ հայրենիքն աչքիդ չի գալիս: Ինչի՞ մնամ էս սոված երկրում: Ուզում եմ՝ իմ երեխաները ապահով ապագա ունենան, այստեղ ապագա չեմ տեսնում»:

Անուշ Բուլղադարյան
Դիանա Գալստյան
Աղբյուրը՝ Medialab.am

1 коммент.:

Ապրեք,Անուշ ջան, շատ ճիշտ եք ներկայացրել իրավիճակը... Սա ցավալի իրականություն է, որից,ավաղ, հետևություններ չեն անում մեր իշխանությունները:Դրա փոխարեն արդեն սկսել են ԶԼՄ-ներին մեղադրել Ռուսաստանի <> ծրագրով մեր երկիրը լքողների թվի աճի համար... Խելքին աշեցեք...

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.