Thursday, May 5, 2011

Կապանի ՏԻԿՆԻԿՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

37 տիկնիկ, 16 տիկնիկավար. ընդամենը երկու տարվա կենսագրություն ունի Կապանի տիկնիկային թատրոնը, որը միակն է տարածաշրջանում: Թատրոնը հանրապետությունում այն եզակիներից է, որոնք ունեն մասնագիտացված տիկնիկներ` յուրաքանչյուրը 40 հազար դրամ արժողության:

“Անգամ մայրաքաղաքի թատրոնները կնախանձեն մեր տիկնիկներին: Դրանք ձեռք ենք բերել Վորլդ Վիժնի Կապանի տարածքային զարգացման գրասենյակի աջակցությամբ: Կազմակերպության տրամադրած կարի մեքենայի օգնությամբ էլ հնարավորություն ունենք տիկնիկների համար նոր շորեր կարելու եւ ձեւափոխելու դրանց արտաքինը: Օրինակ` երեկվա չոբանին այսօր դարձրել ենք բժիշկ”, - ասում է թատրոնի տնօրեն Գրիշա Մարգարյանը:

Կապանի թիվ 6 դպրոցի դահլիճում են ցուցադրվում ներկայացումները, տիկնիկավարներն էլ նույն դպրոցի միջին դասարանների աշակերտներն են: Նրանցից մեկն է 11-ամյա Միլենա Աղայանը, ով երազում է դերասանուհի դառնալ: Միլենան դեռեւս 6-րդ դասարանում է սովորում, եւ նրա փոխարեն այսօր բեմում իր տիկնիկն է, սակայն աղջնակն անհամբեր սպասում է այն օրվան, երբ տիկնիկի փոխարեն բեմ դուրս կգա ինքը:

“Իմ կյանքը, առօրյան լիովին փոխվեց, երբ ոտք դրեցի Կապանի տիկնիկային թատրոնում: Շատ եմ սիրում մեր թատրոնը, այն դարձել է իմ կյանքի մի մասը: Կարծում եմ, դերասանուհի դառնալու ճանապարհին այն ինձ շատ կօգնի: Ամենաշատը սիրում եմ ներկայացման վերջում հանդիսատեսի ծափերը, որն ինձ ուժ է տալիս”, - ասում է Միլենան:

Անցած տարվա օգոստոսից ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մեծահասակների համար երեք ներկայացում է պատրաստել թատրոնը: Դրանցից երկուսը` Սուտասան-ը եւ Շիլափլավ-ը, արդեն ներկայացվել են հանդիսատեսի դատին: Երրորդ ներկայացումը` Կանաչ Կապան-ը, մարզկենտրոնի բնապահպանական խնդիրների մասին է լինելու: Իսկ առաջին երկուսում Թումանյանի դերասաններն են, որոնք մտահոգ են այսօրվա խնդիրներով:

Ըստ Շիլափլավ ներկայացման սցենարի, որը գրել է Գ. Մարգարյանը, հերթով իմաստունի մոտ են գնում մարդիկ եւ խորհուրդ հարցնում, թե ինչպես անեն, որպեսզի գոյատեւեն այսօրվա ստացած թոշակով, կամ թե ինչպես աշխատանք գտնեն, եթե բարետես չեն եւ այլ: Իսկ տիկնիկներից մեկն էլ, ով Գրիշա Մարգարյանի արտաքինն ունի, իմաստունից հարցնում է` պե՞տք է այս քաղաքին տիկնիկային թատրոն, թե ոչ: Պարզվում է, որ հարցադրումն անհիմն չէ:

“Մենք խաղում ենք մեզ համար: Մեր հանդիսատեսը թիվ 6 դպրոցի երեխաներն են, ուսուցիչները, թաղամասի բնակիչները, նաեւ` թիվ 4 մանկապարտեզի սաները: Մեր մասին այսօր քչերը գիտեն, չնայած գնում ենք ուսումնական հաստատություններ, առաջարկում ենք իրենց մոտ հանդես գալ անվճար ներկայացումներով, սակայն դա էլ չեն ուզում կազմակերպել, մինչդեռ երեխաները ուզում են”, - մտահոգված է թատրոնի տնօրենը:

Այսօր Կապանի միակ տիկնիկային թատրոնի նկատմամբ ունեցած նման վերաբերմունքը չի հիասթափեցնում ոչ տնօրենին եւ ոչ էլ փոքրիկ տիկնիկավարներին: Նրանք լի են հույսով եւ նվիրված իրենց գործին` հավատում են, որ վաղը իրենց տիկնիկային թատրոնը շատ կապանցի փոքրիկների համար կդառնա ամենաուրախ ժամանցի վայրը, որի կարիքը մարզկենտրոնում շատ է զգացվում:

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ

Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.