Tuesday, May 24, 2011

ՄԿՐՏՉՅԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՆՆԵՐՈՐԴ ԵՐԵԽԱՅԻՆ


Չարենցավանցի Մկրտչյանների ընտանիքը բազմազավակ է: Այստեղ՝ մեկ հարկի տակ, բնակվում են ընտանիքի հայրը, մայրն ու 8 երեխաները: Ամենակրտսերը 5 տարեկան է, ամենամեծը՝ 21: Բազմազավակ ընտանիքը, չնայած բազմաքանակ հոգսերին, ապրում է համերաշխ ու սիրով: Նվարդ Սիմոնյանն ու Անդրանիկ Մկրտչյանը սիրում են իրեն մեծ ընտանիքը՝ չնայած այսօր առկա մեծ խնդիրներին: "Փոքր տարիքում միշտ երազել եմ մեծ ընտանիքի մասին, այսօր այն իրականություն է,-ասում է տիկին Նվարդը,- երեխաների հետ միշտ երիտասարդ եմ մնում"

Մկրտչյանները մինչև վերջերս բնակվում էին 1 սենյականոց բնակարանում. երեխաները մեծանում էին, իսկ բնակարանի հարցն այդպես էլ չէր լուծվում: Ընտանիքը ստիպված տեղափոխվել է տիկին Նվարդի եղբոր 3 սենյականոց բնակարանը. եղբայրը ընտանիքով ժամանակավորապես երկրում չէ: Բնակարանը մի կողմ, իսկ առօրյա հոգսերը հոգալու համար անհրաժեշտ միջոցները՝ մյուս: Ընտանիքում աշխատում է միայն հայրը, ում երբեմն-երբեմն օգնում է 21-ամյա տղան: Հայր ու որդի զբաղվում են կոշկակարությամբ ու դրանով օրվա հաց վաստակում: Չնայած այս ամենին՝ Մկրտչյանները չեն հուսալքվում, վստահ են, որ իրենց զավակները ապագայում լուրջ հաջողությունների կհասնեն, կգտնեն իրենց տեղը կյանքում և կթեթևացնեն տան հոգսը: Մկրտչյանների բոլոր երեխաները գերազանց առաջադիմություն ունեն, կրտսերները սովորում են դպրոցում, իսկ ավագները՝ Չարենցավանի պետական քոլեջում: Այսօր Անդրանիկի, Նվարդի ու նրանց ութ երեխաների միակ երազանքը բնակարան ունենալն է: Եթե բնակարանի խնդիրը լուծվի, ամեն ինչ ավելի հեշտ կլինի, կարծում են Մկրտչյանները, չէ՞ որ շուտով ընտանիքը ևս մեկ անդամով կհամալրվի:  

Նվարդն ու Անդրանիկը մեծ ոգևորությամբ են սպասում իրենց իններորդ երեխային: Եթե մինչև տիկին Նվարդի եղբոր վերադառնալը Մկրտչյանները չկարողանան լուծել բնակարանի հարցը, սպիպված կլինեն վերադառնալ իրենց 1 սենյականոց բնակարան, որտեղ արդեն 9 շնչով բնակվելն ուղղակի անհնար կլինի: "Գոնե մեզ բարեգործներն օգնեն,-ասում է Անդրանիկը,-միայն այդ հույսով ենք այսօր ապրում, որովհետև ինքներս չենք կարող մեզ թույլ տալ բնակարան գնել"

Ընդհանուր առմամբ Կոտայքի մարզում 538 բազմազավակ ընտանիք կա, որից 400-ն ունի 4 երեխա, 87-ը՝ 5, 31-ը՝ 6 երեխա, և 20 ընտանիքում այսօր մեծանում են 7 և ավելի երեխաներ: Բազմազավակ ընտանիքներն ապրում են իրեն ամենօրյա հոգսերով և օգնության ու աջակցության կարիք միշտ ունեն:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.