Tuesday, May 31, 2011

Կափարիչների տարօրինակ գողություն Մարտունիում


Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը գողացել են Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցով անցնող կոյուղագծի դիտահորերի չուգունե կափարիչները: Այս կոյուղագիծը  անցած տարի էր նորոգվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանում մաքրման կայանների կառուցման ծրագրով(այս դեպքում ուղղված նաև Սևանա լճի մաքրության պահպանմանը): Մի քանի օր առաջ էլ նմանատիպ գողություն էր կատարվել նույն փողոցում. այստեղով անցնող Մարտունի գետի Գետափնյա փողոցը հիվանդանոց տանող ճանապարհին կապող փոքրիկ կամրջակի երկաթյա եզրաճաղերն էին գողացել, քաղաքապետարանը դիմել էր ոստիկանություն ու դեռևս չէր բացահայտվել…  

Իսկ դիտահորերի կափարիչների գողերը նաև գետի Մարտունի-Ներքին Գետաշեն միջհամայնքային ճանապարհի մաս կազմող կամրջի եզրաճաղերն էին ջարդել-գողացել…   Ցավոք, սրանք առաջին այսպիսի դեպքերը չեն. մինչ այս էլ քաղաքի տարբեր հատվածներում դիտահորերի կափարիչներ էին <<կորչում>>…   

Իսկ տարօրինակ գողության փաստից վրդովված  Գետափնյա փողոցի բնակիչներին էլ ուրիշ բան չէր մնում անելու, քան ձեռքի տակ եղած թիթեղով ու փայտով ծածկել դիտահորերը: Ընդհանուր առմամբ, 27 կափարիչ է գողացվել, ամբողջ փողոցում գողերը  միայն տեղական <<Զանգակ>> ՀԸ-ի դիմաց գտնվող դիտահորին ձեռք չեն տվել, թերևս տեսախցիկների աչքից են վախեցել…

Վրույր Մալխասյան  (Մարտունի) 

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.