Wednesday, May 18, 2011

ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԴԵՄ ՉԵՆ ԿՐԾՔԵՐԸ ՄԵԾԱՑՆԵԼՈՒՆ

Պլաստիկ վիրաբույժները չեն բացառում, որ տարիներ հետո հայ տղամարդիկ էլ ցանկություն հայտնեն իրենց կրծքերը մեծացնելու: «Հիմա հետաքրքրվում են, բայց, ինչքան գիտեմ, Հայաստանում դեռ նման վիրահատություն չի եղել»,-ասում է Երեւանի 2-րդ կլինիկական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Գեւորգ Եղիազարյանը: Վիրաբույժը կարծում է, որ հայ տղամարդիկ իրենց սիրած աղջիկների համար են ուզում թիկնեղ ու լայնակուրծք երեւալ եւ պատրաստ են նման վիրահատության

«Բայց դե, բարդույթներ ունենք, մենք` հայերս, հնարավոր է, որ այլ երկրներում ենք վիրահատվում»,-ասում է Գ. Եղիազարյանը: Բժիշկը չի թաքցնում, որ մանուկ հասակում իր ականջներն էլ են պլաստիկ վիրահատության ենթարկել` փոքրացրել են, ու երեւի դա է նպաստել պլաստիկ վիրաբույժ դառնալուն: Վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում առաջին տեղում քթի վիրահատություններն են, հետո՝ ականջների, երրորդ տեղում` կուրծքն ու որովայնը: Վիրահատվել ցանկացողների 75 տոկոսը կանայք ու աղջիկներն են:  

Իսկ տարիքային սահմանափակում չկա: «Պլաստիկան փոխում է մարդկանց կենսակերպը, նոր կյանք են ստանում»,-ասում է զրուցակիցս` չհամաձայնելով իմ  մտքին, թե պլաստիկ վիրահատությունները բնությանը, Աստծուն դեմ գնալ են նշանակում: Ըստ նրա, ինքը դեմ կլիներ այն դեպքում, եթե խաբեին հիվանդներին: Ինքը երբեք չի պատասխանում մարդկանց այն հարցին՝ իրենք պլաստիկայի կարիք ունե՞ն, թե՞ ոչ: «Մարդը ինքը պիտի ցանկանա, բայց երբեմն հնարավոր չի լինում դա անել, դժգոհ հեռանում են»,-ասում է Գ. Եղիազարյանը:  

Բժշկի պատմելով՝ հայուհիները ամսագրերից կտրում-բերում են թոփ-մոդելների քթերի լուսանկարներ եւ ցանկություն հայտնում, որ նույնպիսի քիթ իրենք էլ ունենան: «Հասկանում եք, քիթը պլաստիլին չի՝ ոնց ուզես, ծեփես: Շատ մեծ քթից չես կարող փոքր քիթ սարքել»,-ժպտալով ասում է պլաստիկ վիրաբույժը: Թվում է՝ քթի վիրահատությունն ամենահեշտն է, բայց հետեւանքների առումով ամենաբարդն է: Օրինակ, ինքը համակարգչային հատուկ ծրագրով նկարում է քթերը, ձեւափոխում, ներկայացնում հաճախորդին, թե ոնց է լինելու վիրահատությունից հետո

««Գարանտիա» ասածն այստեղ չի կարող լինել: Ենթադրենք՝ վիրաբույժը 99% երաշխավորում է: Բայց հիվանդից կախված մի տոկոսն ավելի կարեւոր է»,-ասում է բժիշկը: Հետաքրքիր է, որ Ռուսաստանից, Վրաստանից շատ են գալիս Հայաստան` պլաստիկ վիրահատության: Նախ, այդ երկրներում նման վիրահատությունները թանկ են

«Ռուսների մոտ քթի պլաստիկան երրորդական է, նրանք կրծքերն ու դեմքերն են գալիս այստեղ վիրահատում»,-ասում է զրուցակիցս: Նա նաեւ մի բան էլ է առանձնացնում. ռուսները տեղեկացված են գալիս, թե որ բժիշկն ում է վիրահատել, ինչ հետեւանք է ունեցել

«Համացանցում փնտրում-գտնում են: Փառք Աստծո, տեխնոլոգիաները զարգացել են, բոլորն իրենց կայքերն ունեն»,-ասում է Գ. Եղիազարյանը: Ինչ վերաբերում է գներին, ապա մասնավորապես 2-րդ կլինիկական հիվանդանոցում քթի վիրահատությունը, անկախ բարդությունից, 300 հազար դրամ արժե: Ի դեպ, բժիշկ-վիրաբույժներն էլ են մտածում, թե ինչպես օգնեն իրենց հաճախորդներին։ Մասնավորապես, սպառողական վարկ վերցնելով՝ կարող ես պլաստիկ վիրահատության գնալ: «Իսկ ով է ասում, որ վարկով կարող ես տուն գնել, բիզնես անել, բայց առողջության համար չես կարող ծախսել»,-հերթական զարմանքս է փարատում Գ. Եղիազարյանը:

ՀԳՊլաստիկ վիրաբույժը նկատեց, որ ինձ հետ իրեն այցելած գործընկերուհուս քիթն էլ է վիրահատված, ու տվեց վիրահատող բժշկի անունը: Պարզվում է՝ պլաստիկ վիրաբույժները միմյանց ձեռագիրն անգիր գիտեն:
ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.