Wednesday, May 25, 2011

Մանկական կենտրոն Կապանում

Վերջին տարիներին անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը կտրուկ նվազել է Կապանի տարածաշրջանում:

2009-2011թթ. ընթացքում ոստիկանության Կապանի բաժանմունքի անչափահասների գործերով բաժինը գրանցել է հանցագործության  6 դեպք: Մինչդեռ միայն 2008-ին արձանագրվել է 6, 2007-ին` հանցագործության 9 դեպք:

Իսկ թե ինչն է նպաստել կապանցի անչափահասների կողմից կատարվող  օրինախախտ արարքների նվազմանը, կարծիքները տարբեր են: Ոստիկանության կազմակերպված աշխատա՞նք, բնակչության սոցիալական վիճակի համեմատական բարելավո՞ւմ, թե՞… Դժվար է ասել, սակայն մի բան ստույգ է, որ Կապանի համայնքի ավագանու որոշումը մանկական կենտրոն բացելու մասին ամենեւին էլ պայմանավորված չէ քաղաքում դժվար իրավիճակներում հայտնված երեխաների թվի ավելացմամբ:

“Այն կնպաստի համայնքի մինչեւ 18 տարեկան երեխաների առողջ զարգացմանը եւ բարեկեցությանը` երեխաների իրավունքները պաշտպանելու, ընտանիքներն ուժեղացնելու, համայնքի ռեսուրսները համախմբելու միջոցով”, - ասում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Արզումանյանը:

Կապանի մանկական կենտրոնն այլեւս իրողություն է եւ ծնողների մասնակցությամբ գործելու է ամբողջ տարին, ունենալու է գործունեության հստակ ծրագիր, որտեղ հաշվի են առնվելու կենտրոնի երեխաների հետաքրքրությունները, հակումները, ընտանիքի եւ կրթական համակարգի պահանջները:

Կենտրոնը գործելու է Կապանի թիվ 6 մանկապարտեզի տարածքում, ունենալու է իր սեփական գույքը եւ 11 աշխատողներ, որոնց թվում` լոգոպետ, հոգեբան, սոցիալական մանկավարժ, սոցիալական աշխատող, իրավաբան:

“Նման մանկական կենտրոններ պետք է ստեղծվեն նաեւ մարզի մյուս համայնքներում: Ժամանակը ցույց կտա, որ դրա անհրաժեշտությունը կա: Մենք 2006թ-ից աշխատում ենք հանրապետության տարբեր քաղաքներում գործող այդպիսի կենտրոնների հետ ու ունենք դրական արդյունքներ”, - համոզված է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
ԳՈՀԱՐ ՒՍԱԽԱՆՅԱՆ, Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.