Friday, May 6, 2011

Դատաքննություն Վանաձորում. ԵՂԲԱՅՐՆ ՍՊԱՆԵԼ Է ԵՂԲՈՐԸ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ընթանում է Վանաձորի Սիվաշավան ավանի բնակիչ Ա. Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

26-ամյա Ա. Գրիգորյանը մեղադրվում է կրտսեր եղբորը դիտավորությամբ սպանելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ իր հետ համատեղ ապրող եղբոր՝ Է. Գրիգորյանի հետ գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ, 2010թ. փետրվարի 7-ին իրենց բնակարանում տեւական վիճաբանության ու կռվի ժամանակ ամբաստանյալն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է եղբորը՝ սրտի շրջանում: Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է:

Ամբաստանյալի փաստաբան Ռուբեն Հակոբյանը պնդում է, որ իր պաշտպանյալն ամենեւին էլ չի ցանկացել եղբորը սպանել, նրա արարքում դիտավորություն չի եղել: «Իմ պաշտպանյալը գործել է հանկարծակի ծագած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում եւ անհրաժեշտ պաշտպանության սահմաններում»,- բացատրում է նա:

Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի հիմքում դրված ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասը պետք է վերաորակվի, փոխարինվի ՀՀ քրօրի 108 հոդվածով, այսինքն՝ «սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը» պետք է փոխարինվի «անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության», ինչի պայմաններում Գրիգորյանը պետք է ազատվի պատժից: «Վեճ է տեղի ունեցել, որի նախաձեռնողը եղել է տուժողը: Վեճի ընթացքում տուժողը մետաղյա թավայով հարվածել է մեղադրյալի՝ հղի վիճակում գտնվող կնոջ դեմքին, կոտրել է նրա քիթը՝ դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք: Դրանից հետո տուժողն սկսել է վիճել եղբոր հետ, եղբորը գցել է գետնին, հարվածներ հասցրել նրան»,- ասում է փաստաբանը:

Դատարանում եղբայրների ծնողները ցուցմունք են տվել այն մասին, որ եթե մահացած եղբայրը ցանկանար՝ ավագ եղբորն ու նրա կնոջը մի ձեռքով խեղդամահ կաներ:

Փաստաբան Հակոբյանը փաստում է, որ վերոնշյալը վկայում է՝ մահացող եղբայրը ֆիզիկապես շատ ավելի ուժեղ է եղել: «Ի՞նչ էր մնում իմ պաշտպանյալին անելու, երբ նրա կնոջ քիթն են տալիս- ջարդում, իրեն էլ գցում են գետնին եւ սկսում ծեծել: Բացի այդ՝ ամբաստանյալը նշել է, որ չի հիշում, թե ինչպես է վերցրել դանակը, որտեղից, որ դանակը եւ որքան է հարվածել: Բայց հարվածել է, որպեսզի կոտրի եղբոր դիմադրությունը»,-հավելում է փաստաբանը:

Նշենք, որ 3 անգամ դատահոգեբուժական փորձաքննություն է իրականացվել:Արդյունքները հակասական են: Առաջին եւ երրորդ փորձաքննության արդյունքներով Ա. Գրիգորյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելիս չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Կրկնակի դատահոգեբուժական փորձաքննությամբ, սակայն, պարզվել է, որ Ա. Գրիգորյանը վերոնշյալ արարքը կատարելիս գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

«Երրորդ փորձաքննությունը նշանակվել էր մի հիմնարկում, որտեղ կատարվել էր առաջին փորձաքննությունը: Եզրակացությունն էլ տվել են փորձագետներ, ովքեր ենթակա են առաջին փորձաքննության արդյունքները տվողին»,- նշում է փաստաբան Հակոբյանը: Նրա միջնորդությամբ հաջորդ դատական նիստին կհրավիրվեն փորձագետները՝ լույս սփռելու իրար հակասող եզրակացությունների վրա:

Նշենք, որ Ա. Գրիգորյանը 1 տարի եւ 3 ամիս է՝ կալանավորված է: Նրա երեխան ծնվել է իր՝ անազատության մեջ գտնվելու ժամանակ:

Անուշ Բուլղադարյան 
Վանաձոր

Աղբյուրը՝ Aravot.am
http://aravot.am/am/articles/rights/92875/view

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.