Tuesday, May 31, 2011

Նախրապանը խեղդվել է գետում

Լեհվազցիներն այսօր հողին հանձնեցին գյուղի նախրապանին, որի դին փրկարաները գտել են երեկ` Մեղրի գետի ափին` նախկին պանրի գործարանի հարակից տարածքում:

Նախրապանը` 61-ամյա Ալբերտ Ավանեսովը, երկու օր առաջ սովորականի պես վաղ առավոտյան նախիրը արոտ է տարել, իսկ երեկոյան, առանց նախրապանի, տուն է վերադարձել անասունների մի մասը: Գյուղացիների որոնողական աշխատանքների արդյունքում մնացած անսունները գտնվել են Մեղրի գետի մյուս ափին: Իսկ նախրապանի դին փրկարարները հայտնաբերել են հաջորդ օրը:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դիակի վրա բռնության հետքեր չկան: Ենթադրվում է, որ Ա.Ավանեսովը խեղդվել է գետում` մյուս ափն անցած անասուններին ետ վերադարձնելու ժամանակ:

“Ալբերտի ընտանիքը` հայրը, մայրը եւ երկու եղբայրները Լեհվազ են բռնագաղթել 1989-ին Բաքվից: Երեք եղբայրներից եւ ոչ մեկն այդպես էլ չի ամուսնացել` մեծ սեր ունեին ալկոհոլի նկատմամբ: Ալբերտը սկզբում հողին է հանձնել հորն ու մորը, անցած տարի` եղբորը եւ հիմա գյուղում ապրում էր կրտսեր եղբոր հետ”, - պատմում է Լեհվազի գյուղապետ Սասուն Զաքարյանը:

Այսպիսի կենսագրություն է թողել երեք արու զավակի տեր հայկական ընտանիքը, որը մահվան սարսափը սրտում ստիպված լքել է իր տունը եւ ապաստանել Հայաստանի հեռավոր մի գյուղում, որտեղ այդպես էլ չի կարողացել վերականգնել այն, ինչը բախտի կամոք խաթարվել էր:

Լեհվազցիները հրաժեշտ տվեցին գյուղի նախրապանին ու մտահոգ են, դեռ չգիտեն, թե ով է փոխարինելու նրան…
Գոհար Իսախանյան, Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.